ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում կայացել է «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ համաժողովի ընթացքում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով:
Համաժողովի ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր։
Լիագումար նիստից հետո կլոր սեղանի ձևաչափով շարունակվել են թեմատիկ քննարկումները «Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը թվային ձևաչափում», «Տուրիստական պոտենցիալի զարգացում», «Հայաստանի մարզերի և ՌԴ ռեգիոնների միջև հումանիտար համագործակցություն» և «Ժամանակակից պայմաններում լոգիստիկա, ֆինանսներ և ներդրումներ» թեմաներով։
Հիշեցնենք` համաժողովի կազմակերպման կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: