Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Յուրաքանչյուրը գիտի իր առջև դրված խնդիրը. ՊՆ–ն ՀՀ սահմաններից տեսանյութ է հրապարակել

Նշվում է, որ ՀՕՊ ստորաբաժանումը կարողանում է պայքար մղել հակառակորդի հանկարծակի հայտնված ԱԹՍ–ների և այլ օդային օբյեկտների դեմ։
Sputnik
Ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունների ընթացքում հայ–ադրբեջանական սահմանի ամենաթեժ ուղղություններից մեկը ՀՀ հարավարևելյան հատվածն է եղել։ ՀՀ պաշտպանության նախարարությունն այնտեղից տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուքի» էջում։
Դիվիզիոնի հրամանատար Արտուշ Հովհաննիսյանը «Զինուժի» հետ զրույցում նշում է, որ ամենաինտենսիվ գործողությունները եղել են իրենց ուղղությամբ։
«Մեր զինված ուժերին հաջողվել է կանգնեցնել և մեծ կորուստներ պատճառել նրան։ Անձնակազմի մարտունակությունը բարձր մակարդակի է, յուրաքանչյուրը գիտի իր առջև դրված խնդիրը, ընկճվածություն չկա»,– ասում է Հովհաննիսյանը։
Նշվում է, որ հակառակորդը գրոհային խմբերի միջոցով իրականացրել է տեղային մարտեր, ունեցել է որոշակի հաջողություններ, սակայն զորամասերի համառ պաշտպանության շնորհիվ կանգնեցվել է զբաղեցրած բնագծում։
Մայոր Հովիկ Աբրահամյանը շեշտում է` ընդհանուր առմամբ տղաները բոլոր մարտական դիրքերում իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները։ Նրա խոսքով` աշխարհազորայիններն ու պահեստազորայինները պատրաստակամություն են հայտնել նշված ուղղություններում պաշտպանություն և պահպանություն իրականացնել։
ՀՕՊ ստորաբաժանման հրամանատար, կապիտան Տիգրան Կարոյանն էլ ընդգծում է, որ շուրջօրյա մարտական հերթապահություն են իրականացնում, մարտական մեքենաներն էլ մարտունակ վիճակում են։ Կարոյանի պնդմամբ` հակառակորդի հանկարծակի հայտնված ԱԹՍ–ների կամ այլ օդային օբյեկտների դեմ ազդանշաններ են ստանում և առաջնորդվում դրանով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։