Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Իրանի Մեջլիսը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման հարցը

Վահիդ Ջալալզադեն նշել է, որ խորհրդարանականները խնդրում են ամենայն լրջությամբ մոտենալ այդ հարցերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Իրանի Մեջլիսը մտադիր է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին սրացումը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Նշվում է, որ այդ հարցը կքննարկվի խորհրդարանի` սեպտեմբերի 21–ին նախատեսված արտահերթ նիստում:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն նշել է` բավական կարևոր քննարկում է սպասվում:
Նրա խոսքով՝ իրանական կողմը լրջորեն մտահոգված է երկու հարևան երկրների սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով։
Ջալալզադեն հավելել է, որ խնդիրը քննարկվել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Խորհրդարանականները երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին, ինչպես նաև ԱԳՆ-ին խնդրում են ամենայն լրջությամբ մոտենալ այդ հարցերին:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։