ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` կոչ անելով պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է Պետդեպի մամուլի ծառայությունը։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ գիշերային հեռախոսազրույցի ժամանակ խորը մտահոգություն է հայտնել հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով ընթացող մարտական գործողությունների ու բուն Հայաստանի տարածքի հրետակոծության առնչությամբ։ Բլինկենը հորդորել է Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պնդելու է, որ մարտական գործողություններն անհապաղ դադարեցվեն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորում տեղի ունենա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Բլինկենը հայտնել է նաև Twitter–ում։
«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի ողջունեմ հրադադարն ու հորդորեմ հետ քաշել զինված ուժերը և վերադառնալ խաղաղ բանակցություններին», – գրել է նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։