ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպում։
Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: