Այլևս չենք կարող ուրիշների շահերին ենթակա լինել. Արամ Ա–ն խոսել է կարմիր գծերի մասին

Արամ Առաջին
Արամ Ա–ն գրառում է արել թվիթերյան իր էջում և նշել է, թե որն է կարմիր գիծը մեզ համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կարծում է, որ այլևս չենք կարող ուրիշների շահերին ենթակա և աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր լինել։ Նա թվիթերյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին։
«Քաղաքական երկխոսությունը, ճկունությունը և իրապաշտությունը չպետք է մեզ տանեն վտանգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը և անկախությունը: Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է»,– գրել է նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։