Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված անձանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հիվանդանոց
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վիրավորներից 2-ի վիճակը բարելավվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության` ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։