ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Իհարկե, ԱՄՆ կառավարության կողմից հստակ ձևակերպումները գնահատելի են, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար։ Տեղյակ եք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ներկա իրավիճակը, և մենք հույս ունենք, ու դա մեր դիրքորոշումն է, որ այս իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում և այս առումով, իհարկե, մենք ապավինում ենք ԱՄՆ աջակցությանը»,– նշել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ
Նա ընդգծել է, որ Հայաստանը գնահատում է նաև ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանում ժողովրդավարական օրակարգին։ ՀՀ վարչապետը Փելոսիին համարել է Հայաստանի վստահելի ընկեր և հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան արդյունավետ բանակցություններ վարել։
Նենսի Փելոսին էլ շեշտել է, որ Հայաստանում ժողովրդավարության աջակցության, Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչման, Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում հակազդեցության և բոլոր մնացած առումներով ԱՄՆ–ն Հայաստանի ընկերն է։
«Անցած տարի տեղի ունեցան ընտրություններ, որոնք գնահատվեցին ազատ և արդար, և Ձեր հաղթանակը պատերազմի և այլ հանգամանքների պայմաններում։ Բանը նրանում է, որ երբ մենք սովորաբար այցելում ենք որևէ երկիր, դա հարգանք դրսևորելու, լսելու և սովորելու նպատակ է ունենում, բայց ես կարող եմ անկեղծորեն ասել, որ ԱՄՆ-ից Հայաստան եկած այս պատվիրակությունն իր հետ բերել է Ամերիկայի ժողովրդի սերը»,– ասել է Փելոսին։
Զրուցակիցները նաև քննարկել են հայ–ամերիկյան գործընկերությանը, տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը` ՀՀ կառավարության բարեփոխումների հարուստ օրակարգի առաջմղման գործում։
Փաշինյանը և Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային և ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցերի: Քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է ակտիվորեն նպաստել երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերին: