ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը, որին հաջորդել է առանձնազրույցը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներն այնուհետև միացել են ընդլայնված կազմով քննարկմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում:
«Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկրի համար ծանրագույն շրջանում, և այն այս առումով առավել գնահատելի է»,– նշել է Սիմոնյանը:
Նա ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և հայտնել, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ընդգծել է, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր ունի։
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված փխրուն զինադադարի համաձայնության համար։
Կողմերը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր՝ ներառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հետագա գործընթացներին վերաբերող մանրամասներ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հետագա միջխորհրդարանական համագործակցության նախագծերին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակն էլ նշել է, որ իրենք հպարտանում են հայրենասեր հայերով շրջապատված լինելով։
«Երբ մենք որևէ երկիր ենք գնում, մեզ համար կարևոր է անվտանգությունը: Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին: ԱՄՆ-ում հպարտանում ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, որոնք նաև մեր քաղաքացիներն են: Նրանք մեր ուժն են, մեր ամբողջության կարևոր բաղադրիչը»,-ասել է Նենսի Փելոսին:
Հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարությամբ: