ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում հաստատված երկու զոհ ունենք։ Գեղարքունիքում 3 լրատվամիջոցներիհետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
«Ադրբեջանն ուղիղ թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Քաղաքացիական անձանցից մեկը զոհվել է ճանապարհն Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից թիրախավորելու հետևանքով: Ունենք դեպք, որ շտապօգնության մեքենան է թիրախավորվել»,-ասաց նա։
Քյարամյանի խոսքով` Ադրբեջանի գործողությունների դեպքերով քրգործեր են հարուցվել, այդ թվում` դիակապտության հոդվածով. քննություն է իրականացվում. «Այս պահին Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց Ձորում քննչական տարբեր խմբեր են փորձագետների հետ աշխատում: Առաջնային նպատակը զննություններով ֆիքսելն է քաղաքացիական ենթակառուցվածքներին, օբյեկտներին հասցված վնասը: Բազմաթիվ քաղաքացիական շենքեր են վնասվել: Մեր խնդիրն է նաև այդ վնասները ֆիքսել»։
Նշենք, որ Sputnik Արմենիան հայտնել էր` թշնամու կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Նորավան համայնքում մի տղամարդ էր զոհվել. նա 30 տարեկան էր, ուներ 4 երեխա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։