Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ այլևս չարտահայտվել. Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանը նշել է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին վերաբերող որոշումները, որոնք կայացրել է իր լիազորություններիս սահմաններում, հիմնավորված են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 14-ին, երբ սահմանին ռազմական գործողությունները դեռ ընթանում էին, Ազգային ժողովի ամբիոնից խոսելով «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի» մասին, վարչապետը նորից ապացուցեց, որ «յուրատեսակ» մոտեցում ունի իր պաշտոնեական պարտականությունների կատարման հանդեպ։ Այս մասին հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը գտնվում է անազատության մեջ։
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 14-ին` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2018թ.-ին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջնորդվել է «Ամեն ինչ բանակի համար» սկզբունքով։ «Ինձ եկել, ասել են, որ 15 միլիարդ է պետք, որ բանակի սնունդը ապահովվի, ասել եմ՝ կտանք, ասել են հարյուր քանի միլիոն դոլար է պետք, որ ինքնաթիռ առնենք, ասել եմ՝ կտանք, ասել են՝ արկեր առնելու համար 5-30 միլիոն փող է պետք, ասել եմ՝ կտանք»,–ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով` չի եղել մի դեպք, երբ բանակը մի որևէ հարց բարձրացնի, և ինքն այդ խնդիրը չլուծի առնվազն ֆինանսական մասով:

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողություններից ընդամենը մի քանի օր առաջ ելույթ ունենալով Վլադիվոստոկում, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորեց ՀՀ զինված ուժերը՝ կրկին փորձելով 2020թ. պատերազմի արդյունքների ողջ պատասխանատվությունը բարդել զինվորականների վրա»,–ասվում է Տոնոյանի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին վերաբերող որոշումները, որոնք կայացրել է իր լիազորություններիս սահմաններում, հիմնավորված են եղել։
«Հերթական անգամ շեշտում եմ, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին վերաբերող որոշումներս, որոնք կայացրել եմ լիազորություններիս սահմաններում, հիմնավորված են եղել։ Դրանցից մեկի՝ ավիացիոն հրիթիռների անվճար, առանց որևէ պարտավորության զիջման ՀՀ ԶՈւ պահեստ մուտքագրելու համար շուրջ մեկ տարի ապօրինի գտնվում եմ անազատության մեջ»,–գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում է այլևս չարտահայտվել իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ, քանի որ «դատաքննության «հրապարակային լինելու մասին նրա «ցուցումը» կարծես չի ընդունվում Հակակոռուպցիոն դատարանի կողմից և դատաքննությունը դռնփակ է ընթանում։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Զինտեխնիկայի պահպանման ժամկետներ չեն եղել. Դավիթ Տոնոյանը քայլեր է նախաձեռնելու
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: