ԱՄՆ–ն Կիպրոսից հանել է զենքի էմբարգոն 2023 ֆինանսական տարվա համար

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Կոնգրեսին վստահեցրել է, որ Կիպրոսի Հանրապետությունը կատարել է արտահանումը, վերաարտահանումն ու իրեն պաշտպանական արտադրանքի փոխանցումը թույլատրելու համար անհրաժեշտ պայմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2023 ֆինանսական տարվա համար (ԱՄՆ–ում մեկնարկում է հոկտեմբերի 1-ից) Կիպրոսից հանել է սահմանափակումները պաշտպանական արտադրանքի վաճառքի ոլորտում։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Բլինկենը պարզել ու Կոնգրեսին վստահեցրել է, որ Կիպրոսի Հանրապետությունը կատարել է անհրաժեշտ պայմանները, որոնք նախատեսված են համապատասխան օրենսդրությամբ, որպեսզի 2023 ֆինանսական տարում թույլատրվի Կիպրոս պաշտպանական արտադրանքի արտահանումը, վերաարտահանումն ու փոխանցումը։ Նիկոսիայի կողմից պայմանների կատարումը գնահատվում է ամեն տարի», – ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշել է Փրայսը, ավելի վաղ Կոնգրեսի ընդունած օրենսդրական որոշ նախաձեռնություններով Վաշինգտոնից պահանջում են տարեկան առնվազն մեկ անգամ հաստատել, որ Նիկոսիան շարունակում է համագործակցել ԱՄՆ կառավարության հետ` բարեփոխումներ իրականացնելու համար փողերի լվացման դեմ պայքարի կարգավորման և ֆինանսական կարգավորման վերահսկողության ոլորտում։
Բացի այդ, պետքարտուղարը պետք է օրենսդիրներին վստահեցնի, որ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը ձեռնարկել և շարունակում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել լիցքավորման և սպասարկման նպատակով ռուսական նավերի մուտքը նավահանգիստներ արգելելու համար։
Դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը. Կիպրոսի ԱԳՆ
Միայն այդ դեպքում պաշտպանական արտադրանքի վաճառքի ոլորտում Կիպրոսից ամեն տարի կհանվեն ամերիկյան սահմանափակումները։
Թուրքիայի ԱԳՆ–ն արդեն բացասական արձագանք է տվել ԱՄՆ որոշմանը` հայտարարելով, որ Կիպրոսի նկատմամբ զենքի էմբարգոյի չեղարկումը վնաս կհասցնի խաղաղությանն ու կայունությանը Արևելյան Միջերկրածովում։