ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը նոր տվյալներ է հայտնել Հայաստանի վրա հարձակման հետևանքով ունեցած սեփական կորուստների վերաբերյալ։
Մասնավորապես`Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս պահի դրությամբ զոհերի թիվը 79 է։
Բացի այդ, ադրբեջանական կողմն ունի 282 վիրավոր։ Նշվում է, որ նրանցից 21-ի վիճակը ծանր է։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր 50 զոհի մասին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։