Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աշխատում է սովորական ռեժիմով. հայտարարություն

Կոմբինատում պահպանվում են անվտանգության միջոցառումները, գործարանում մշտապես գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Չնայած ստեղծված իրավիճակին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը անցնող օրերին գործել է բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտնել է կոմբինատի մամուլի ծառայությունը։
«Բոլոր արտադրամասերն աշխատել և շարունակում են աշխատել անխափան»,–ասված է կոմբինատի տարածած հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ կոմբինատում պահպանվում են անվտանգության միջոցառումները, մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։
«ԶՊՄԿ-ի բոլոր ներքին կառույցները պատրաստ են իրականացնել արագ և արդյունավետ միջոցառումներ՝ համաձայն հաստատված գործողությունների ծրագրի»,– ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։