Կառավարությունը 65,5 մլն դրամ կհատկացնի պատերազմի մասնակիցներին աշխատանքի տեղավորման համար

Վիրավոր զինծառայող. Արխիվային լուսանկար
Պատերազմի մասնակիցներին աշխատանքի տեղավորման ծրագիրը կիրականացվի 200 շահառուների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունները 65,5 մլն դրամ կհատկացնեն 2016 և 2020 թվականների պատերազմների մասնակիցներին աշխատանքի տեղավորման համար: Այս մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման դեպքում շահառուին և գործատուին կտրամադրվի պետական աջակցություն: Ծրագիրը կիրականացվի 200 շահառուների համար։ Մասնավորապես, մասնագիտական ուսուցում կստանա 70, աշխատանքային փորձ ձեռք կբերի 70 և գործատուին միանվագ փոխհատուցում կտրամադրվի 60 շահառուների ստաժավորման համար։
Մասնագիտական ուսուցման ծրագրով ամսական հատկացվում է մինչև 50 հազար դրամ 5 ամիս ժամկետով, աշխատանքային պրակտիկայի ծրագրով՝ նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով կրթաթոշակ, այսինքն ՝ 34 հազար դրամ։ Փոխհատուցման ծրագրով գործատուն օրական ստանում է մինչև 50 հազար դրամ անհրաժեշտ վճարումների (եկամտահարկի, առողջության ապահովագրության) համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց, որ այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերը չզեկուցվեն։ Բոլոր հարցերն առանց զեկուցման ընդունեցին։ Կառավարության այսօրվա նիստն ավարտվեց։