ՀՀ կառավարությունը դադարեցնում է ընդհանուր բնույթի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը

Այգի. Արխիվային լուսանկար
Ուժի մեջ կմնան գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնող ծրագրերի սուբսիդավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը դադարեցնում է ընդհանուր բնույթի գյուղատնտեսական վարկերի տոկոսների սուբսիդավորումը։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում։
Ծրագիրն ընդունվել է 2019 թվականի մարտին։ Ծրագրի մեկնարկից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը տրամադրվել է 85531 միավոր վարկ՝ շուրջ 214.6 մլրդ դրամ գումարով։ Սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 23.5 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում կա 300-350 հազար գյուղացիական տնտեսություն։
Հիմնավորվում է, որ ֆերմերները չպետք է մշտապես ստանան նման սուբսիդավորումներ։ Փոխարենը պետք է սուբսիդիավորվեն գյուղատնտեսության արդյունավետությունն ու արտադրողականությունը բարձրացնող ծրագրերը։
Մասնավորապես, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվելու են ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման, տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը, փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծրագրերը։