ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 15-ին ու 16-ին այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի` Ադրբեջանի հարձակումներից տուժած բնակավայրեր։
Նախարարությունից հայտնում են, որ Սանոսյանը մարզպետների, համայնքապետների հետ քննարկել է հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու հարցերը։
Այցի ընթացքում գույքագրվել են նաև վնասները։ Նախնական տվյալներով` Սոթքում, Կութում ու Ջերմուկում վնասվել են վարչական շենքեր և ենթակառուցվածքներ, վնասվել են օժանդակ կառույցներ, հրդեհվել է 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի արտեր։
Սիսիան, Կապան, Տեղ, Վարդենիս համայնքներում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, Վաղատուր բնակավայրը սպասարկող գազատարը։ 7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, շտապօգնության 2 մեքենա։
Ինչպես արդեն հայտնել ենք` երեք մարզերում վնասվել է 192 բնակելի տուն, որից 60-ը` ամբողջությամբ։ Ջերմուկում վնասվել է 3 հյուրատուն, 1 առողջարան, ինչպես նաև` Ջերմուկի ճոպանուղին։
Կեչուտի ջրամբարի մեջ 2 արկ է ընկել, սակայն վնաս չեն հասցրել։
Նախարարությունից հայտնում են, որ վնասներն այսքանով չեն սահմանափակվում, առկա են բազմաթիվ այլ վնասներ, որոնք այս պահին գույքագրվում են։