ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։ Խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլ նաև 2021-ի Սոթք-Խոզնավարում տեղի ունեցած ներխուժման մասին։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք` ադրբեջանցի զինվորականները 2021 մայիսի 12-ից ներխուժել են Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածք և ամրապնդվել են այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
«ՀՀ–ն այս դիրքորոշումն է արձանագրել երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։ Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում»,–ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ իրադրությունը մնում է լարված. անվտանգության խորհրդում քննարկել և եկել են այն եզրակացության, որ ռազմական դրություն մտցնելու որոշման չպետք է գնան։
Վարչապետը հավելեց` ցանկացողները կարող են դիմել զինկոմիսարիատներ և կամավորագրվել։
«Թե՛ աշխարհազորի մասին օրենքը, թե՛ եռամսյա հավաքների կառավարության ընդունած որոշումները, թե՛ Պաշտպանության մասին օրենքի 29-րդ հոդվածը մեզ տալիս են հնարավորութուն, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք այսօր ուզում են կամավոր զինվորագրվել, զինկոմիսարիատները պատրաստ կլինեն նրանց ընդունել և տեղորոշել ըստ վայրերի»,–հավելեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։