Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սյունիքի մարզում քաղաքացիական մեկ զոհ ու երկու վիրավոր կա

Ադրբեջանական արկ Նորավանի ճանապարհին
Մարզում վնասված բոլոր էլեկտրամատակարարման լարերը վերականգնված են
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Այս պահին վիճակը Սյունիքի մարզում հանգիստ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Մարտիրոսյանը հավելելով, որ այս պահի դրությամբ մարզում քաղաքացիական երկու վիրավոր և մեկ զոհ կա։
Նա տեղեկացրել է, որ երեք օրում Սյունիքի մարզում 4 բնակելի տուն է վնասվել։ Երեքը Վերիշենում են, մեկը` Ակներում։
«Վնասվել է նաեւ Տեղ համայնքի մշակույթի տունը , մեկ քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել Սիսիան համայնքում, ինչպես նաև վնասվել են Կապանի ԲԿ–ի երկու շտապօգնության մեքենաներ», –նշել է աշխատակազմի ղեկավարը։
Սյունիքի մարզի որոշ բնակավայրերում հոսանքի մատակարարման լարեր են վնասվել, սակայն դրանք, Էդգար Մարտիրոսյանի պնդմամբ, արդեն վերականգնվել են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: