ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայութոյւնը։
Նշվում է, որ բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նիստին քննարկել են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, նաև ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ իրագործվելիք քայլերը, ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակը:
ԱԽ նիստ Երևանում
© Photo / official site of the Prime minister of RA
Նշվում է, որ ընդգծվել է արտաքին սպառնալիքներին դիմակայելու համատեքստում համաժողովրդական համերաշխության և համախմբվածության հրամայականը:
ԱԽ նիստ Երևանում
© Photo / official site of the Prime minister of RA
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ նիստին Փաշինյանի` «եթե Հայաստանի 29 800 ք/կմ փրկող փաստաթուղթ կլինի, կստորագրեմ» ասվածից ժամեր անց Արցախի նախագահ Հարությունյանը տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ Արցախի ժողովուրդը միայն կարող է որոշել Արցախի ճակատագիրը, և Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: