Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել. 4 անչափահաս երեխա ուներ

Ադրբեջանական արկ՝ Նորավան տանող ճանապարհին. Արխիվային լուսանկար
Նորավան համայնքի ղեկավարը հայտնեց, որ 2 վարկած կա` տղամարդը կամ գնացել է անասունների հետևից, կամ էլ վիրավորներին օգնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Երեկ թշնամու կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Նորավան համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել, տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը։
«Երեկ կեսօրից հետո ասել էին, որ հրադադար է, ինքն էլ մտածել է` արդեն խաղաղ կլինի ու գյուղի վերևի մաս է բարձրացել։ 2 վարկած կա` կամ գնացել է անասունների հետևից, կամ էլ ասում են, թե իմացել է` վերևում վիրավորներ կան, փորձել է օգնության հասնել։ Տղամարդն ԱԹՍ-ի կամ էլ արկի հարվածից է զոհվել»,–ասաց Պապյանը։
Նա հայտնեց, որ զոհված տղամարդը 30 տարեկան էր, 4 երեխա ուներ։
Պապյանը հայտնեց նաև, որ գիշերը խաղաղ է անցել, այս պահին նույնպես կրակոցներ չկան։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։