Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Նեբենզյան կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի զինվորականներին ելման կետեր վերադարձնելը

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան. Արխիվային լուսանկար
Ռուսական կողմն անընդունելի է համարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծման ուժային սցենարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանը խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրմամբ։ Տեղեկությունը հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, որը գումարվել է Ֆրանսիայի նախաձեռնությամբ՝ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ։
Նեբենզյայի խոսքով՝ էսկալացիայի հետևանքով մեծ թվով զինծառայողներ են զոհվել, խաղաղ բնակչության շրջանում էլ տուժածներ կան:
«Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում, հույս ունենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները կպահպանվեն։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ լարվածությունը մեծացնելուց, ինչպես նաև կոչ ենք անում հետևել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարություններին», - ասել է նա։
Նա ավելացրել է, որ իրավիճակի կայունացման նպատակով Ռուսաստանի ղեկավարությունը սերտ կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ: Իսկ ռուս զինվորականները շփումներ են պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ՝ կայուն հրադադարի հասնելու և հայ ու ադրբեջանցի զինծառայողներին ելման դիրքեր վերադարձնելու նպատակով։
Նեբենզյայի խոսքով՝ Մոսկվան նախկինի պես ելնում է այն բանից, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով: Իսկ սահմանային հարցերը՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։
Մոսկվան պատրաստ է ներկայացնել իր փորձը, տրամադրել քարտեզագրական և այլ տվյալներ և խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել։ Դիվանագետը վստահ է, որ բոլոր այդ հարցերը պետք է լուծել առանց արտաքին միջամտության և առկա խնդիրների ավելորդ քաղաքականացման։ Նա նաև ավելացրել է, որ արդյունքի հասնելը ժամանակ ու լուրջ ջանքեր կպահանջի ինչպես Երևանից, այնպես էլ Բաքվից, հարկավոր է նաև միջազգային հանրության միասնականությունը: Իսկ աշխարհաքաղաքական մրցակցությունն ու զրոյական արդյունքով խաղերը կարող են միայն վնասել գործընթացին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: