Ղազախստանի ԱԳՆ–ն հերքել է ՀԱՊԿ–ից դուրս գալու լուրը

Ղազախստանը կազմակերպության ստեղծման ակունքներում է կանգնած, դրա ակտիվ մասնակիցն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանի արտգործնախարարությունը հերքել է ՀԱՊԿ–ին անդամակցությունը կասեցնելու մասին շրջանառվող տեղեկությունները։
Ղազախստանի տեղեկատվության և հանրային զարգացման նախարարության աջակցմամբ ստեղծված stopfake.kz կայքի տվյալներով` սոցցանցերում և մեսենջերներում հաղորդագրություններ են տարածվում առ այն, որ 2023 թվականի հունվարի 1-ից Ղազախստանը նախատեսում է կասեցնել ՀԱՊԿ–ին իր անդամակցությունը։
«Առանձին սոցցանցերում հայտնված այն տեղեկությունը, թե իբր Ղազախստանը նախատեսում է դուրս գալ ՀԱՊԿ–ից, բացարձակ ֆեյք է և իրականությանը չի համապատասխանում», –տեղեկանում ենք ԱԳՆ–ի կայքում այսօր հրապարակված հաղորդագրությունից։
Նշվում է, որ Ղազախստանը կազմակերպության ստեղծման ակունքներում է կանգնած, դրա ակտիվ մասնակիցն է։
«ՀԱՊԿ–ին անդամակցությունը լիովին համապատասխանում է մեր երկրի ազգային շահերին», – պարզաբանում է գերատեսչությունը։
Ինչպես նշել է ԱԳՆ–ն, Հավաքական անվտանգության մասին պայմանագիրն իրավաբանորեն պարտադրվող անվտանգության ապահովման երաշխիքներ է նախատեսում իր մասնակից պետությունների համար, այդ թվում նաև Ղազախստանի համար։
Ղազախստանում այլ շահեր էին. Եղոյանը` ՀԱՊԿ–ի արձագանքի մասին
Բացի այդ, ՀԱՊԿ–ի շրջանակում հմտություններ են մշակվում միջազգային ահաբեկչությանը, ապօրինի միգրացիային, թմրանյութերի ապօրինի շրջանառմանը, անդրսահմանային հանցավորությանը, տեղեկատվական ոլորտում առկա սպառնալիքներին համատեղ հակազդելու համար։ Այդպիսով, ընդգծել է ԱԳՆ–ն, ՀԱՊԿ–ի շրջանակում համագործակցությունը Ղազախստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, կազմակերպությանը հանրապետության մասնակցությունը նախատեսվում է Ղազախստանի երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթերով։
«Ընդհանուր առմամբ` միանշանակ կարելի է հայտարարել, որ Ղազախստանը չի դիտարկում ՀԱՊԿ–ից դուրս գալու հնարավորությունը», – նշված է հաղորդագրության մեջ։
Ներկա պահին ՀԱՊԿ անդամ են 6 պետություններ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։
Ղրղզստանում անցկացվել են ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Կոբալտ-2022» զորավարժությունները