ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները սեպտեմբերի 16-ին կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Միջազգային կազմակերպությունների ղեկավարները, ենթադրաբար, կլինեն Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: