Առաջին անգամ մեկ գրքում ներկայացվել են Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները

«Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» գրքի լուսանկարներից
«Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» գիրքը հիմք կարող է դառնալ երաժշտագետների, հնագետների, պատմաբանների, ազգագրագետների ուսումնասիրությունների համար։
Sputnik
Հետազոտող Նունե Շամախյանին հաջողվել է մեկ գրքում հավաքել նվագարանների պատկերների մեծ հավաքածու, գործիքներ, որոնք հայերը նվագում էին հին ժամանակներից։ «Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» գրքում, որի շնորհանդեսը կայացավ օրեր առաջ հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում, ներկայացված է ավելի քան 600 պատկեր։
«Սա առաջին նման աշխատանքն է այս ոլորտում, քանի որ երաժշտական գործիքների պատկերների նման մեծ հավաքածու՝ զետեղված մեկ գրքում, ընդհանրապես չկա», –շնորհանդեսի ժամանակ ասաց Արվեստագիտության պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, հետազոտող և երաժշտագետ Անտոնինա Լեբեդևա–Եմելինան։
Նա Մոսկվայի կոնսերվատորիայի պատմական երաժշտագիտության մեթոդաբանության գիտահետազոտական կենտրոնի մասնագետ Մարգարիտա Եսիպովայի հետ իրականացրել է գրքի երաժշտական խմբագրումը։
Նունե Շամախյան
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Նունե Շամախյանը, գրքի վրա նա աշխատել է շուրջ 20 տարի։ Այնուամենայնիվ նման հավաքածուի ստեղծման նախապատմությունն իր արմատներով ավելի հեռուն է գնում։
Ամեն ինչ սկսվեց նախորդ դարի 60-ականներին, երբ Նունե Շամախյանի մայրը` հայտնի ջութակահարուհի և երաժշտագետ Անահիտ Ցիցիկյանը հավաքեց երաժշտական գործիքների մոտ 550 պատկերների հավաքածու և սկսեց զբաղվել դրանց ուսումնասիրությամբ։
Շամախյանը խոստովանեց, որ իսկզբանե ցանկացել է շարունակել մոր աշխատանքը, սակայն դա այդքան էլ հեշտ բան չէր։
«Մայրս երաժշտական հնագիտություն է հիմնել։ Իսկ ես հարցին մի փոքր այլ տեսանկյունից մոտեցա. ուզում էի պատկերների տեղեկատվական բազա ստեղծել», – ասում է հետազոտողը։
«Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» գրքի լուսանկարներից
Արդյունքում արդեն իսկ գոյություն ունեցող նկարներին նա ավելացրեց ևս 550–ը։ Բոլորը վերցված էին ինչպես ձեռագրերից (Շամախյանն օգտվել է աշխարհի տարբեր երկրների գրադարաններից, բայց մեծ մասը հավաքվել է Մատենադարանի ձեռագրերից), այնպես էլ այլ աղբյուրներից` որմնանկարներ, խաչքարեր, տապանաքարեր։
Շամախյանն իր ուսումնասիրությունների հետ կապված հետաքրքիր պատմություն ներկայացրեց։
Շուշիից քիչ հեռու գտնվող Ավետարանոց գյուղում երաժշտագետը շատ գեղեցիկ տապանաքար է լուսանկարել, որի վրա մի քանի տարբեր նվագարաններ էին պատկերված, այդ թվում` ջնար, սազ, դափ...
«Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» գրքի լուսանկարներից
«Ըստ ամենայնի, քարի վրա ինչ–որ տոնակատարություն էր պատկերված` հարսանիք կամ հաղթած զինվորների հանդիպում։ Հետաքրքիրն այն է, որ լուսանկարը գրքում տեղադրելուց հետո պատահաբար տեղեկանում եմ, որ այս տապանաքարը Մելիք–Շահնազարյանների տոհմական դամբարանից է։ Իսկ նրանք մեր նախնիներն են։ Որդուս ազգանունը Մելիք Շահնազարյան է», – պատմում է Շամախյանն ու հավելում, որ ամենայն հավանականությամբ, իր ընտանիքի նախնիներն էլ անմիջական կապ են ունեցել երաժշտության հետ։
Նա շատ է ափսոսում, որ այսօր` 44-օրյա պատերազմից հետո, պատմության և մշակույթի այդքան նշանակալի հուշարձանը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում, և նրա հետագա ճակատագիրն անհայտ է։
Հավելենք, որ գրքի վերջում երաժշտական գործիքների բառարան է զետեղված, որում հայերեն և ռուսերեն ներկայացված են ավելի քան 180 անվանում։
«Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» գրքի լուսանկարներից