Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի կրակոցներն ինտենսիվ է եղել երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին

Հրետակոծված տուն Սյունիքում
Պաշտպանը հրավիրում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու ադրբեջանական քայլերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների՝ դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
«Ստեղծված իրավիճակում հատկապես տեղահանված համայնքների երեխաները զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորություններից: Որոշ դեպքերում դպրոցները և մանկապարտեզները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության և թիրախավորման ներքո: Վնասվել է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուսումնական հաստատությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Գրիգորյանը նշում է նաև, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան ուղղակիորեն սահմանում է, որ պատերազմական գործողություններից տուժած երեխաների խնամքի և պաշտպանության համար պետք է կիրառվեն հատուկ միջոցներ: Ընդ որում՝ Կոնվենցիան պահանջում է, որ անդամ պետությունները պարտավորվում են հարգել զինված հակամարտություններում երեխաների իրավունքներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքը:
Պաշտպանը հրավիրում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու ՀՀ նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին և գործնական քայլեր ձեռնարկել դրանց հրատապ վերացման ուղղությամբ:
Ջերմուկում ադրբեջանական զինուժը կրակել է քաղաքացիական մեքենայի վրա. ՔՊ–ական պատգամավոր
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: