Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Տաջիկստանը Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով

Ադրբեջանական դիրք ՀՀ Երասխ գյուղի մոտակայքում. Արխիվային լուսանկար
Տաջիկստանի վարչապետի խոսքով, հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման միակ ճանապարհը երկխոսությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդան հորդորել է դիվանագիտական ճանապարհով շուտափույթ կարգավորել հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Այս մասին, ազգային «Խովար» լրատվական գործակալության փոխանցմամբ, նա ասել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի ժամանակ։
Ռասուլզոդան մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրացման կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ կարևոր է կանխել հետագա սրացումն ու գործընթացը հնարավորինս արագ վերադարձնել քաղաքական ու դիվանագիտական հուն։
Տաջիկստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման միակ տարբերակը ընդունված փաստաթղթերի հիման վրա երկխոսության միջոցների արդյունավետ կիրառումն է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: