Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Բացի Ջերմուկից և Վերին Շորժայից, մնացած տեղերում հրաձգության ինտենսիվությունը թուլացել է

Արամ Թորոսյանը վստահեցնում է, որ հակառակորդն արժանի պատասխան է ստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ժամը 12-ի դրությամբ բացի Ջերմուկից և Վերին Շորժայից, մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է։ Նման տեղեկություն հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
«Հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ ՀՀ ԶՈւ–ն ամբողջ ծավալով կատարում է իր առջև դրված պարտականությունները»,–ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի ՊՆ–ն, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիք տարածելու իր գործելաոճին, հայտարարություն է տարածել` իբր գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։
Սա, նշեց նա, հերթական ապատեղեկատվությունն է, որը ծառայում է որպես տեղեկատվական հենք` ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։
Նա հիշեցրեց նաև, որ այս գիշեր ադրբեջանական ԶՈւ–ն, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ–ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն` թիրախավորելով, մասնավորապես, Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։
Թորոսյանի խոսքով` հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում` կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, կոչ են անում ձեռնպահ մնալ դրանց անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։