Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՌԴ–ն միջոցներ է ձեռնարկում ՀՀ–ի և Ադրբեջանի միջև իրավիճակը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով ՝ Ռուսաստանը սերտ կապի մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվան սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ և միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի շուտափույթ կայունացմանը նպաստելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում իրավիճակի շուտափույթ կայունացմանը նպաստելու համար»,-ասել է նա։
Դենիս Գոնչարի խոսքով`հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը նախնական փուլում է, և Մոսկվան ափսոսում է, որ առանց խափանումների չի գնում:
«Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը գտնվում է սկզբնական փուլում, մեր խնդիրն է` ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ապահովվի աշխատանքի առավելագույն արդյունավետությունը, որը կնպաստի սահմանային կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը առանց արտաքին միջամտության, զերծ մնալ երկու կողմերի համար այդքան զգայուն սահմանային հարցերում քաղաքականացումից և սրացումներից։ Ցավոք, խափանումներ են լինում», - ասել է Գոնչարը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: