ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կանի ամեն բան, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին հրադադար հաստատվի։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Սուխում–Ցխինվալ–Երևան տեսակապի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, լիբերալ-դեմոկրատական խմբակցության անդամ Բորիս Չերնիշովը։
Նա հավելել է, որ հակամարտության առաջին իսկ ժամերից կողմերը ԱԳՆ-ի և ՀԱՊԿ–ի գծով փոխգործակցություն են հաստատել։ Ռուսաստանի ղեկավարությունը, ըստ նրա, արդեն միջնորդական ջանքեր է գործադրել հրադադարի հաստատման համար։
«Հույս ունենք, որ հարցը կլուծվի, և հրաձգությունները կդադարեն։ Մենք կշարունակենք հետևել իրավիճակին և դիվանագիտական բոլոր ալիքները գործի կդնենք իրավիճակը կարգավորելու համար», – հայտարարել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։
Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։
Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան։