ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռազմական դրություն հայտարարելու որոշումը պետք է կայացնի իշխանությունը` գնահատելով առկա իրավիճակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա` երկրի ապագայի մասին մտածող իշխանությունները, կառավարությունը պետք է արագ ինչ–որ բան ձեռնարկեն։
«Իմ անձնական կարծիքն այն է, որ, իհարկե, պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզացիա իրականացվի` առաջնագծում համալրում իրականացնելու ու բանակին թիկունք կանգնելու համար»,– ասաց Օհանյանը։
Նախկին նախարարը համոզմունք հայտնեց, որ երբ երկրի սահմաններում լարվածություն է, անընդհատ խոսվում է հակառակորդի գործողությունների մասին, ապա տրամաբանական է, որ երկրի ներսում ևս պետք է լարվածություն լինի։
«Եթե երկիրը պատերազմի մեջ է, լարվածության ալիքն ու լարված իրավիճակը հավասարաչափ պետք է բաշխված լինեն` սկսած սահմանից, վերջացրած երկրի ղեկավարությունից»,– ասաց Օհանյանը։
Նա նաև հայտնեց, որ իր տեղեկություններով` սահմանին ՀՀ զինվորները, զինվորականներն ու կամավորականներն ուղղակի հերոսակա ն գործողություններ են իրականացնում, ինչի շնորհիվ, ըստ նրաունեցած տեղեկությունների, շատ տեղերում իրադրությունը վերահսկում է հայկական բանակը։
«Բայց մարտական գործողությունները դրականի հետ միասին նաև թերություններ են ունենում։ Այդ թերությունների մասին մենք չգիտենք։ Դրանց մասին պետք է ներկայացնեն պաշտոնատար անձինք»,– ասաց Օհանյանը։
Հանրությաննընդդիմադիր գործիչը հանդարտության կոչ արեց` հորդորելով հետևել միայն պաշտոնական լուրերին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։