ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի բակում բազմաթիվ արկղեր կան տարբեր իրերով, սննդով լցված, որոնց վրա գրված է` սահմանի համար։
Ուսանողները չոր սնունդ, ծխախոտ, առաջին օգնության ապրանքներ, քաղցրավենիք են հավաքում, փաթեթավորում և զինվորներին ու սահմանամերձ բնակիչներին ուղարկում։
«Երեկվանից սկսել ենք մեր աշխատանքը` հավաքում ենք այն, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ենք հավաքել։ Դեղերի համար բժշկական համալսարանից ուսանողներ են գալիս, որոնք վերահսկում են ամեն ինչ, նայում ժամկետները։ Սահմանին ամեն տեղ ընկերներ ունենք, ծանոթներ, որոնք զանգում են մեզ ու ասում` ինչի կարիք կա»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ուսանող Տիգրան Մեսրոպյանը։
Նրա խոսքով` կան նաև բազմաթիվ կամավորներ, որոնք հավաքված իրերը տանում են սահման. դեռևս որևէ խնդիր չի եղել զորամասերի հետ կապված։ Տիգրանն ասում է նաև, որ զինվորների ծնողները նույնպես հուշում են, թե ինչի կարիք ունեն այժմ տղաները։
Տիգրան Մեսրոպյան
© Sputnik / Asatur Yesayants
Մինչ խոսում ենք Տիգրանի հետ, Վարդենիսից են զանգում, որ մի ընտանիք սննդի կարիք ունի։ Տեղում ուսանողները մի քանի արկղ են առանձնացնում ընտանիքի համար ու զանգահարում կամավոր վարորդներին։
Ուսանողուհի Էլենա Խոջաբաշյանն էլ զբաղվում է այն քաղաքացիների խնդիրներով, որոնք ապաստանի կարիք ունեն։
Էլենա Խոջաբաշյան
© Sputnik / Asatur Yesayants
«Քիչ առաջ ինձ զանգահարեցին Վարդենիսից` 2 կանայք 6 երեխաների հետ ժամանակավոր կացարանի կարիք ունեն։ Դեռ 2020-ից մեզ մոտ կան այն անձանց տվյալները, որոնք պատրաստ են անվճար կացարան տրամադրել։ Այս պահի դրությամբ շուրջ 230 հոգու կարող ենք տեղավորել Սպիտակում, Գյումրիում, Էջմիածնում»,–ասում է Էլենան։
80-ամյա Մկրտիչ Ազնիվյանը հեռուստատեսությամբ է լսել ուսանողների նախաձեռնության մասին և որոշել իր ներդրումն ունենալ` նա ծխախոտ է բերել տղաներին։
«Չեմ կասկածում, որ մեր տղաները կկռվեն` ոնց որ պետք է ու հաջողության կհասնենք։ Ուզում եմ` բոլորն անփորձանք վերադառնան»,–ասում է Մկրտիչ պապը։
Մկրտիչ Ազնիվյան
© Sputnik / Asatur Yesayants
Զինծառայողների համար օգնություն են բերում նաև ռուս զբոսաշրջիկները. Կիրա Արիշևան ջուր, ծխախոտ, չոր սնունդ և քաղցրավենիք է բերել։
«Տագնապալից զգացողություն ունեմ և կարծես դեռ սպասում եմ` պատերազմ կլինի, թե ոչ։ Այսինքն` ինձ մոտ նույն զգացողությունը չէ, ինչ փետրվարի 24-ին էր, երբ ՌԴ–ն հատուկ օպերացիա սկսկեց, այլ դրանից առաջվա զգացողությունն է` սպասումը»,–նշեց Արիշևան։
Կիրա Արիշևա
© Sputnik / Asatur Yesayants
Տիկին Արմինեի որդին այս պահին Վարդենիսում է ծառայում` նա ծխախոտ ու տղայի սիրած քաղցրավենիքներից է բերել։
«Որդուցս երեկվանից լուր չունեմ, շատ անհանգիստ եմ։ Ինձ անպետք եմ զգում, չգիտեմ` ինչով օգնել, չնայած վստահ եմ, որ մեր տղաներն անում են անհնարինը։ Որոշեցի տղայիս սիրած կոնֆետներից բերել` մտածելով, որ մյուսներն էլ կսիրեն դրանից։ Ի՞նչ տարբերություն` սահմանին կանգնած բոլոր տղաներն էլ իմն են»,–ասում է տիկին Արմինեն, ու հուզմունքը չի կարողանում զսպել։
Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի բակում օգնություն են հավաքում սահմանի համար
© Sputnik / Asatur Yesayants
Տիկին Արմինեն աղջկան է տալիս ծանրոցը, որ փոխանցի ուսանողներին, իսկ ինքը մի փոքր հեռվից հուզված ու ժպիտով նայում է եռուզեռին։
Ի դեպ` ուսանողները շարունակելու են օգնություն հավաքել նաև առաջիկա օրերին։
Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի բակում օգնություն են հավաքում սահմանի համար
© Sputnik / Asatur Yesayants