Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Նման հարց դրված չէ. Ղազախստանի արտգործնախարարը` Հայաստան խաղաղապահներ ուղարկելու մասին

Ղազախստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կիսվել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում սեփական փորձով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանցի խաղաղապահներին հայ–ադրբեջանական սահման ուղարկելու հարց դրված չէ։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին։
«Ո՛չ, նման հարց դեռ դրված չէ», – ասել է նա Նուր–Սուլթանում բացված համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարին ետնաբեմում։
Տլեուբերդիի խոսքով` առաջնային խնդիրն այժմ հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի համատեղ հանձնաժողովի աշխատանքը վերականգնելն է։
«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով, քանի որ մենք մեր սահմանի դեմարկացիա ենք իրականացրել ցամաքային և նույնիսկ ծովային սահմանի ողջ երկայնքով։ Դեմարկացիայի գործընթացը գրեթե ավարտված է բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից։ Ռուսաստանի հետ մեր դեմարկացիան, հավանաբար, ևս 2-3 տարի կտևի», – ասել է նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: