«Նիկոլ, դավաճա՛ն». Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է. տեսանյութ

Հավաքվածները շարունակում են երկկողմանի փակ պահել Բաղրամյան պողոտան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի մոտ բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են բողոքի ակցիա իրականացրել, լարված իրավիճակ է ստեղծվել։ Հավաքված քաղաքացիներից մի քանիսը բարձրացել է շենքի դարպասների ճաղավանդակներին։
Նշենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա իրականացնելու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։
Հավաքվածները շարունակում են երկկողմանի փակ պահել Բաղրամյան պողոտան և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ներկա իշխանությունների հրաժարականը։ Նրանք վանկարկում են` «Նիկո՛լ, դավաճան»։
Ներկայում ԱԺ շենքում ոչ ոք չկա, տեղում չկան նաև ոստիկանական ուժեր։
Պարեկային ծառայության աշխատակիցները փակել են Բաղրամյան–Սայաթ–Նովա–Մոսկովյան խաչմերուկը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։