Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Մենք խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին. պաշտպանության նախարար

Սուրեն Պապիկյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ բանակի համար անհրաժեշտ պարագաներ են հավաքում քաղաքացիներից` սահման ուղարկելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն այս պահին որևէ խնդիր չունի ապահովելու բանակի անձնակազմին։ Այս մասին այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` արձագանքելով բանակին աջակցելու ու կամավորականների հավաքագրման հանրային տարբեր նախաձեռնություններին։
«Այս փուլում, երբ հայտարարված չէ որևէ մոբիլիզացիա, մենք որևէ խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին, և խնդրում եմ ուղղակի ինքնագործունեությամբ չզբաղվել»,– ասաց Պապիկյանը։
Նախարարը նշեց, որ եթե քաղաքացիները ցանկություն ունեն ինչ-որ բանով օգնել բանակին, կարող են դիմել ՊՆ–ին։
«Բանակի բոլոր անհրաժեշտ պարագաները ձեռք է բերում ՊՆ-ը»,– ասաց Պապիկյանը։
Նշենք, որ այսօր քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների միջոցով իրականացվում են բանակին անհրաժեշտ պարագաների, այդ թվում` հագուստի, ծխախոտի, զրահաբաճկոնների հավաքման գործընթացներ` սահման ուղարկելու նպատակով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։
Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։
Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան։