Կարծում եմ` ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի վաղը. Միրզոյան

Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
Արարատ Միրզոյանը նշեց, թե միջազգային արձագանքը մեծամասամբ բավականին հասցեական էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելությունը, ամենայն հավանականությամբ, Հայաստան կժամանի վաղը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«ՀԱՊԿ–ին ուղղված մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է, և որոշվել է դիտորդական առաքելություն ուղարկել։ Հուսով ենք, որ առաքելությունը վաղը կժամանի Հայաստան։ Նման նիստ ՀՀ–ի դիմումով չէր եղել դեռ»,–ասաց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին` Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում միջազգային արձագանքը մեծամասամբ բավականին հասցեական էր։ Չնայած, ըստ նրա, որոշ երկրների դեպքում ոչ այնքան հասցեական էր, ինչ մենք կկամենայինք։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Որոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: