ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նուր-Սուլթանում պատարագի ժամանակ կոչ է արել աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար, հայտնում է Sputnik Ղազախստանը:
«Անհանգստությամբ տեղեկացա, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածության նոր օջախներ են բռնկվել»,-ասել է Հռոմի պապը:
Նա կոչ է արել շարունակել աղոթել «այդ երկրներում» խաղաղ կարգավորման համար, որպեսզի «համաձայնությունը գերակայի հակամարտությունների նկատմամբ»:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Վիրավորների թիվ չի հաղորդվում։