ՀՀ ՊՆ-ն կրկին հորդորում է տեսանյութեր չհրապարակել մարտական գործողությունների գոտուց

ՀՀ ՊՆ
Դրանով հակառակորդին ի ցույց է դրվում, մասնավորապես, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։
Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
«Եվս մեկ անգամ համոզիչ կերպով հորդորում ենք ձեռնպահ մնալ նման գործողություններից, չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների, ինչպես նաև ադրբեջանական հրետակոծության թիրախում հայտնված քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը»,-հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան։