Հայաստանը չի կարող ՀԱՊԿ–ի մեջ չլինել. Սեյրան Օհանյան

Նախկին նախարարն առաջարկեց սպասել ՀԱՊԿ ներկայացուցիչների հայաստանյան այցին ու իրավիճակի վերաբերյալ նրանց գնահատականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը չի կարող ՀԱՊԿ–ի մեջ չլինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պտասխանելով անվտանգության այդ կառույցի արդյունավետության մասին հարցին։
«Հայաստանը չի կարող այդ կառույցի մեջ չլինել, որովհետև ՀԱՊԿ–ը նաև մեր աշխարհագրությանն է մոտ, որովհետև մենք նաև տարածաշրջանի հետ կապված հավաքական անվտանգության խնդիրներ ունենք։ Ես միշտ ասում եմ, որ ՀԱՊԿ–ի ու ՌԴ–ի հետ մեր հարաբերությունների հիմքում առաջին հերթին ընկած է մեր աշխարհագրությունն ու մեր մնացած բոլոր հարաբերությունները` ռազմավարական գործընկերությունը, պատմությունը, մշակույթը և այլն»,– ասասց Օհանյանը։
Նախկին նախարարը դժվարացավ կանխատեսել, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ–ի որոշումը կապված Հայաստանի դիմումի հետ` առաջարկելով սպասել ՀԱՊԿ ներկայացուցիչների Հայաստան կատարելիք այցին ու իրավիճակի վերաբերյալ նրանց գհանատականին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։