Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած անձանց

Նախարարին ներկայացվել է վիրավորների առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած անձանց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Նշվում է, որ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Վիրավորների թիվ չի հաղորդվում։