ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ադրբեջանական գնդակոծությունների զգալի վկայություններ է տեսնում, սակայն ձեռնպահ է մնացել հակամարտության սրման համար այս կամ այն կողմի վրա պատասխանատվություն դնելուց:
«Մենք տեսել ենք ադրբեջանական գնդակոծությունների և հայկական ենթակառուցվածքներին հասցված էական վնասի զգալի վկայություններ։ Սակայն ամենակարևորն այն է, որ երկու կողմերը հայտարարեն ռազմական գործողությունների դադարեցման և լարվածության թուլացման հանձնառության մասին»,– ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը:
Նա նաև նշել է` ԱՄՆ–ի իշխանությունը Ռուսաստանին կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար։
«Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին, այդ թվում ՝ Ռուսաստանին, կառուցողական կերպով օգտագործել իրենց ազդեցությունը ապաէսկալացիայի համար»,– ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։