ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հակառակորդի կրակոցների հետևանքով Սյունիքի մարզում վնասվել է Սիսիանից Նորավան տանող ճանապարհը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը։
Նրա խոսքով` չնայած ճանապարհը վնասվել է, բայց գործում է։
Սիսիանից Նորավան տանող ճանապարհը ադրբեջանցիների գնդակոծությունից հետո
© Sputnik
«Մեկ ժամ առաջվա տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ չունենք»,–ասաց Ավագյանը։
Սիսիանից Նորավան տանող ճանապարհը ադրբեջանցիների գնդակոծությունից հետո
© Sputnik
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։