Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ոչ բոլոր երկրներն են, որ ինքնապաշտպանության համար պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն ունի բոլոր ֆինանսական հնարավորություններն իրեն անհրաժեշտ պաշտպանական զինամթերքը ձեռք բերելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են: Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե կա՞ արգելք, որ ինքնապաշտպանական նպատակով կարողանանք այլ երկրներից զենքեր ձեռք բերել։
«Զենք ձեռք բերելն ունի 4 բաղադրիչ` ֆինանսական, քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային։ ՀՀ-ն ունի բոլոր ֆինանսական հնարավորություններն իրեն անհրաժեշտ պաշտպանական զինամթերքը ձեռք բերելու համար։ Իսկ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ պատրաստ լինել-չլինելն իր հետևից անվտանգային նոր սպառնալիքներ է ստեղծում։
Անդրադառնալով տեխնիկական բաղադրիչին` Փաշինյանը նշեց, որ որոշ երկրներ էլ պատրաստ են ՀՀ–ին զենք վաճառել, սակայն չունեն անհրաժեշտ զենքը։
ՀՀ վարչապետը հիշեցրեց` ՀՀ–ն, ցավոք, չունի ելք դեպի ծով, որպեսզի կարողանա զենք գնել միջազգային վաճառողից և բերել երկիր։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։