Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում. ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը

Նշվում է, որ հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Այս մասին ասել է ՀԱՊԿ քարտուղարությունը` հայ-ադրբեջանական սահմանի կտրուկ սրացման վերաբերյալ հայտարարություն տարածելով։
«Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ ու պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի26-ի հայտարարություններում»,–ասված է հայտարարության մեջ:
Տեղեկացվում է , որ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքներ:
«Բարձր ենք գնահատում սեպտեմբերի 13-ին ժամը 9:00-ից սկսած շփման գծում հրադադարի պահպանման գործում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»,– Հասված է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի մեկնաբանության մեջ:
Կազմակերպության քարտուղարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։