ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ի, ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ։ Նման տեղեկատվություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է նաև, որ նախորդ օրվա համեմատ էական միջադեպեր չեն արձանագրվել:
«Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 13–ի առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։