ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաց լեզվի դեսպանները` Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի կամավորները, որոնք Կապանում են, մտադիր են շարունակել պարապմունքները Սյունիքի մարզում` անկախ հայ–ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացումից։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Ռուսական տունը` Ռոսսոտրուդնիչեստվոն։
Ռուսաց լեզվի դեսպանները Կապան են մեկնել սեպտեմբերի 12-ին։ Նրանք առաջիկա օրերին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի համակարգող Լյուդմիլա Աղախանյանի հետ նախատեսում են ուսուցողական խաղ–վիկտորինաներ անցկացնել հայկական սահմանամերձ բնակավայրերի դպրոցականների համար։
«Այո՛, մի փոքր մտահոգված ենք, բայց կարծում ենք, որ պետք է շարունակենք պարապմունքները։ Արդեն համաձայնեցրել ենք ժամանակացույցը Կապանի դպրոցների տնօրենների հետ։ Այսօր ստիպված էինք դադարեցնել պարապմունքները, բայց հույս ունենք, որ վաղը կշարունակենք»,– ասել է կամավորների խմբի ղեկավար Տատյանա Կուդոյարովան։
Սյունիքյան այցը վաղուց էր ծրագրված, ու, չնայած տարածաշրջանում տիրող ծայրահեղ լարված իրավիճակին, այն չի չեղարկվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։