Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Փաշինյանը սահմանային իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ ՄԽ–ի ռուսաստանցի համանախագահի հետ

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային և ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։