ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների առնչությամբ։ Նա ստեղծված իրավիճակի մասին նա գրառում է կատարել «Թվիթերի» իր էջում։
«Խիստ մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում և Հայաստանի տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների առնչությամբ։ ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու ապաէսկալացիայի ենթարկել իրադրությունը»,- նշել է նա։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այդ ժամի դրությամբ 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։