Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի առաջին կադրերը։
Հանդիպումը դռնփակ է, բայց նիստի ավարտին նախատեսվում է, որ նախագահող հայկական կողմը մշտական հանձնաժողովին կհանձնարարի լրագրողներին տեղեկացնել քննարկման բովանդակության և ընդունված որոշումների մասին։
Գագաթաժողովին մասնակցում է Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Երևանի ժամանակով մոտավորապես 21։00-ին հայտնել էր ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովի մեկնարկի մասին։
Նշենք, որ ՀԱՊԿ–ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։