ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ոչ մի հակամարտության համար ռազմական լուծում չի կարող լինել։ Երկկողմ վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով, հայտարարել է Հնդկաստանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Արինդամ Բագչին՝ ագրեսոր կողմին կոչ անելով դադարեցնել մարտական գործողությունները։
«Մենք տեսել ենք հաղորդումներ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին, ներառյալ՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա հարձակումները սեպտեմբերի 12/13-ին։ Մենք ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- նշված է գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հնդկաստանը կոչ է անում երկու կողմերին շարունակել բանակցությունները՝ կայուն և խաղաղ լուծման հասնելու համար։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Սահմանին լարված իրավիճակը պահպանվում է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։